ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մոցֆելդ Կրավիկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ այս համատեքստում կարևորելով Նորվեգիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ցուցաբերվող աջակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Նորդիկ-Բալթյան երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հետաքրքրությունն ամրապնդելու և էլ ավելի խորացնելու առկա կապերը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ տեսլականը:
--00--ԱՀ