«24News»-ի ու «Ժողովուրդ»-ի լրագրողները տուժող ճանաչվեցին․ մանրամասներ՝ օթյակից ուժով հանելու գործից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ԱԺ-ում լրագրողների գործունեության համար հատկացված տարածքից՝ օթյակից, բռնությամբ դուրս հանելու գործով «24News»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը տուժող են ճանաչվել։ Այս մասին հայտնում է 24News-ը։  

Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էր ընթանում, և ոստիկանության կողմից նռնակեր էին պայթեցվում ցուցարարների նկատմամբ, Ազգային ժողովում նույն ժամին Փաշինյանի մասնակցությամբ ընթանում էր կառավարության անդամների հետ հարցուպատասխան։  

Նիստն անցնում էր լարված մթնոլորտում, որին հաջորդեց վեճ իշխող թիմի և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այդ ընթացքում Ազգային ժողովի ՊՊԾ աշխատակիցները լրագրողների համար նախատեսված օթյակից իրենց գործունեությունը ծավալող լրագրողներին ուժով դուրս հանեցին, որպեսզի անհնար լինի լուսաբանել նիստը: 

Այս առիթով ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քնչական կոմիտեում, եւ օրերս սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում այդ օրն աշխատանք իրականացրած լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով:

Այսպիսով, փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 News»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ովքեր ճանաչվել են տուժող և հարցաքննվել: Լրագրողները տեղեկություններ են հաղորդել օթյակում տեղի ունեցածի և ներկա գտնված անձանց մասին։ 
Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետևում ենք կոմիտեի կողմից իրականացվող քննության ընթացքին։  

Նշենք նաև, որ վարույթի հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումը։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել 2024թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

 Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ