ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը մասնակցել է տեղի օդանավակայանի վերագործարկման արարողությանը։ Այս մասին հաղորդում է հայկական «Գանձասար» թերթը:
Առաջին ինքնաթիռը Հալեպի միջազգային օդանավակայան է ժամանել մարտի 18-ին Դամասկոսից: Բացման արարողությանը մասնակցել են նահանգի ղեկավարությունը, Հալեպի մուֆթին, ինչպես նաև տեղի հայկական, ասորական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները:
Սիրիայի իշխանությունները հույս ունեն, որ օդանավակայանի աշխատանքի վերսկսումը կօգնի հայրենիք վերադարձնել պատերազմից փախած սիրիացիներին, ինչպես նաև կդյուրացնի միջազգային կազմակերպություններից մարդասիրական օգնության ստացումը:
Արքեպիսկոպոս Աշգարյանը շնորհավորել է ներկաներին օդանավակայանի բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս իրադարձությունը կխթանի Սիրիայի կայունության և բարգավաճման ապահովումը, և տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ կկարողանան ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների աշխատանքը վերականգնելու հարցում օգնություն է ցուցաբերում Սիրիայի նոր իշխանություններին: Հալեպի օդանավակայանում տեղադրվել են ուղեբեռի ստուգման և ուղևորների գրանցման նոր համակարգեր, թարմացվել են ընդունարանները, իսկ ներքին տարածքները մասամբ վերակառուցվել են ըստ անվտանգության ժամանակակից նորմերի:
--00—ՅՄ