Սուրբ Հովհան Ոսկեբերանի ճառն ապաշխարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ss

Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ո՛չ մեղավորը հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես: Մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: …«Սակայն հնարավո՞ր է փրկություն գտնել` ապաշխարելով»,- հարցնում ես դու: Միանգամայն հնարավոր է: Ես ողջ կյանքս անցկացրել եմ մեղքերի մեջ և եթե ապաշխարեմ` արդյոք կփրկվե՞մ: Անկասկած: Ինչո՞վ կարելի է դա ապացուցել: Տիրոջ ողորմածությամբ:
 

Հույսդ միայն ապաշխարության վրա մի՛ դիր: Մի՞թե քո ապաշխարությունը կարող է քեզ մաքրել մեղքերից: Եթե միայն ապաշխարությամբ լիներ, իրոք վախենալու պատճառ կունենայիր, բայց քանի որ ապաշխարությանը միանում է Աստծո ողորմածությունը, ապա հուսա, որովհետև այն գերազանցում է քո չարությանը: Բազումողորմ է Աստված, այնքան ողորմած, որ չխնայեց անգամ Միածինին, որպեսզի քավի անշնորհակալ ծառաների մեղքերը: Այնպես որ, մի՛ ասա` այնքան մեծ մեղքեր եմ գործել, ինչպե՞ս կարող եմ փրկվել: Դու չես կարող, քո Տերը կարող է և այնպես կսրբի մեղքերդ, որ անգամ հետք էլ չի մնա:


…Հիմա անցնենք հոգու մեղքերին: Մեղքը միացած է ամոթի հետ, ապաշխարությունը հյուսված է արիությանը: Ուրեմն, սատանան, իմանալով, որ մեղքը միանում է ամոթին, որ կարող է հեշտությամբ վանել մեղսագործին, իսկ ապաշխարանքը միանում է արիությանը, որը կարող է գրավել ապաշխարողին, աղավաղում է բնական կարգը և ամոթը տալիս է ապաշխարանքին, իսկ արիությունը` մեղքին: Մեղքի մեջ եղող մարդուն թույլ չի տալիս ամոթ զգալ, որովհետև գիտի, որ եթե մեղավորը ամոթ զգա, ապա կփախչի մեղքից, իսկ ապաշխարանքը հարկադրում է նրան ամաչել, իմանալով, որ ամաչողը չի ապաշխարում: Նա, ով կատարած մեղքերի համար զղջում է, թեպետև զղջումը ցույց չի տալիս` ըստ կատարած մեղքի չափի, այնուամենայնիվ, հատուցում է ստանում անգամ այդքան ապաշխարության համար: Այսպիսով, նրանց, ում դեռևս արատը չի հաղթել, հորդորում եմ չհնազանդվել, որովհետև ավելի դյուրին է հեռու մնալ ապականության մեջ ընկնելուց, քան ընկնելուց հետո` ազատվել, իսկ նրանց, ովքեր արդեն գերության մեջ են և խորտակված, լիակատար փրկության հույս եմ հորդորում, եթե նրանք փութեռանդ են առ ապաշխարանքը:


…Եթե ուզում ես իմանալ, թե ինչ բան է իսկական ապաշխարանքը, օրինակ առ Պետրոսի ապաշխարանքը ուրացումից հետո: Քանի որ նա, հավանաբար, իր մասին բարձր կարծիք ուներ, թե ինքը բոլորից շատ է սիրում Հիսուսին, ապա հեռանալով` դառնորեն լաց եղավ, բացի այդ, դրանից հետո իրեն ենթարկեց բազմաթիվ վտանգների: Զղջաց նաև երանելի Դավիթը` ասելով. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ և իմ արտասուքով անկողինս թրջեցի» (Սաղմ. 6:7) և վաղուց կատարված մեղքերը այդքան տարիներ անց, այդքան սերունդներ հետո ողբում է այնպես, ասես հենց նոր գործված լինեն:


…Դու շա՞տ ես մեղանչել: Վերջապես կանգ առ, բռնիր հակառակ ճանապարհը, երախտապարտ եղիր Աստծուն, որ Նա չարտաքսեց քեզ ողջերից մեղք կատարելու պահին, և մի ցանկացիր, որ քեզ նորից չարիք կատարելու ժամանակ տրվի: Մի ասա` դեռ ժամանակ կլինի, որպեսզի դարձի գամ: Շատերը կորստյան մատնվեցին հենց այն պահին, երբ տրվեցին շահամոլությանը և դատապարտվեցին տանջանքի: Երկյուղ ունեցիր, որպեսզի չենթարկվես դատապարտման` առանց արդարացման հույսի:


Բայց շատերին, ասում ես, Աստված ժամանակ տվեց մինչև խոր ծերություն: Ի՞նչ ես ուզում ասել, քեզ էլ տա՞: Հնարավոր է և տա` ասում ես դու: Ի՞նչ են նշանակում «հնարավոր է», «երբեմն», «հաճախ» բառերը: Մտածիր, որ խոսքը հոգուդ մասին է, պատկերացրու նաև հակառակը, կշռադատիր և ասա` իսկ եթե չտա՞…Իսկ երբ խոսքը վերաբերում է հոգուն, դու փորձում ես հաստատվել խարխուլ հիմքի՞, «հնարավոր է», «երբեմն», «հաճախ» բառերի վրա՞ և քեզ հանձնում ես անհայտի՞ն: «Ոչ թե անհայտին,- ասում ես դու,- այլ Աստծո ողորմածությանը, որովհետև Աստված ողորմած է»: …Ուզու՞մ ես իմանալ, թե մեր Տերը ինչ բարի՞ է: Գալիս է Նրա մոտ մաքսավորը` լի անհամար արատներով և միայն ասում է. «Աստված ների՛ր ինձ» (Ղուկ. 18:13) և հեռանում է արդարացված: Եվ մարգարեի միջոցով էլ  Աստված ասում է. «Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան» (Եսայի 57:17-18):

Ի՞նչը կարող է համեմատվել այսպիսի մարդասիրության հետ: Միայն այն պատճառով, որ նա տրտմում է, Նա ներում է մեղքերը: Իսկ մենք նույնիսկ դա չենք անում և այդ պատճառով հատկապես բարկացնում ենք Նրան: Նա Ամենաողորմածը լինելով, երբ չի տեսնում անգամ դա, արդարացիորեն բարկանում է և մեզ ենթարկում մեծագույն պատիժների, որովհետև դա ցույց է տալիս մեր ծայրահեղ անփութությունը: Ո՞վ է երբևէ վշտացել մեղքերի համար: Ո՞վ է տրտնջացել: Ո՞վ է կուրծք ծեծել: Ես չգիտեմ որևէ մեկին:

Մարդիկ անվերջորեն ողբում են մեռած ծառաների, ունեցվածքի կորստի և, ամեն օր կործանելով սեփական հոգին, այդ մասին ամենևին չեն մտածում: Ինչպե՞ս կարող ես Աստծո գութը շարժել, երբ անգամ չգիտես, որ մեղք ես գործել: Ճիշտ է, ասում ես դու, որ մեղավոր ես: Բայց դա դու ասում ես լոկ լեզվով, ասա և սրտով, և խոսքի հետ ախ քաշիր, որպեսզի մշտապես լավ տրամադրության մեջ լինես: Չէ՞ որ եթե մենք մշտապես տրտմեինք մեղքերի համար, եթե զղջայինք գործած մեղքերի համար, ապա ուրիշ ոչ մի բան մեզ չէր վշտացնի, որովհետև այդ վիշտը ի դերև է անում ցանկացած տրտմություն: Ինչպես թռչնին, որ ցանցն է ընկնում, թևերից օգուտ չկա, և նա միանգամայն անտեղի է թափահարում, ճիշտ այդպես դու էլ ոչ մի օգուտ չունես խելքից, եթե գերի ես դարձել սեփական չար կրքերիդ:

Եթե իրական կյանքում մենք չենք կամենում մեկնումեկի առաջ խայտառակ լինել, ապա ի՞նչ կարող ենք անել այն աշխարհում բյուրավորների առաջ: Ապաշխարանք է համարվում ոչ այն, որ հրաժարվում ենք նախկին չարություններից, այլև հարկ է նաև բարի գործեր կատարել. «Խուսափի՛ր չարից,- ասում է,- և բարությու՛ն արա» (Սաղմ. 36:27):

Ապաքինվելու համար բավական չէ միայն նետը հանել, այլ պահանջվում է նաև դեղ դնել վերքին: Պատահում է, որ մեկը ապաշխարանքից հետո բազմաթիվ բարի գործեր է կատարում, մինչդեռ վերստին հայտնվում է մեղքի մեջ, որ համազոր է այդ բարի գործերին, և դա բավական է, որ նրան մղի հուսահատության, կարծես թե բոլոր արածները կորսված են, և նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այդ միտքը հարկավոր է մի կողմ դնել և մտածել այն մասին, որ եթե մենք հասցնում ենք բարի գործերի չափավոր պաշար ստեղծել, որոնք համազոր են հետո կատարած մեղքերին, ապա ոչ մի բան չի կարող անխուսափ դարձնել մեր ամբողջական կործանումը:

Իսկ հիմա բարի գործերը կարծես թե ամուր զրահի պես թույլ չեն տալիս սուր, մահացու նետին իր գործն անել, և անգամ ճեղքված լինելով դրանով՝ մարմինը պաշտպանում են մեծ վտանգից...

Այսպիսով, դժբախտությունն այն չէ, որ մարտնչելով վիրավորվում ենք, այլ այն, որ պարտությունից հետո հուսահատվում և հոգ չենք տանում վերքի մասին:

Ոչ մի առևտրական, ենթարկվելով նավաբեկության և կորցնելով ողջ ունեցվածքը, չի թողնում ծովագնացությունը, այլ կրկին ճամփորդում է ծովերով և լայնատարած անհուններով և վերստին ձեռք բերում նախկին հարստությունը: Բազմաթիվ պարտություններից հետո էլ լինում են ըմբիշներ, որոնք հաղթանակում են, և զինվորներ, որոնք բազում անգամներ փախուստ տալով մարտադաշտից, վերջ ի վերջո հերոսանում են և հաղթում թշնամիներին: Քրիստոսին ուրացողներից շատերը չարչարանքների երկյուղից կրկին մարտի են բռնվում և հեռանում` մարտիրոսության պսակով զարդարված: Բայց եթե նրանցից յուրաքանչյուրը առաջին իսկ զարկից հետո հուսահատվեր, ապա չէին ստանա հետագա բարիքները:

Եվ թող որ մենք բոլորս նմանվենք նրանց, ողորմածությամբ և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Որին փառք և զորություն հավիտյանս հավիտենից: Ամեն:

Qahana.am
 

--00—ՍՊ