Գեղարքունիքի դիրքերի մոտ գիշերն անկանոն կրակոցներ հնչել են. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

24News-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են հնչել սահմանի հարավարևելյան հատվածում՝ Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, անկանոն կրակահերթ է եղել։ Մենք փորձեցինք Գեղարքունիքի մարզի սահմանապահ մի շարք գյուղերի ղեկավարների հետ խոսել, հասկանալ՝ արդյո՞ք լսվել են գյուղում ձայներ։ 

Կութ, Սոթք համայնքի ղեկավարները նախ նշեցին, որ հետևենք ՊՆ-ի հաղորդագրություններին, բայց և հավելեցին , որ գյուղում իրավիճակը հանգիստ է, ինչպես երեկ է եղել։ 

Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակ բացելու տեղեկությունը, մասնավորապես՝ Սոթք բնակավայրի ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է ինչ ապատեղեկատվությում է տարածում, թե իբր ՀՀ ԶՈւ-ն արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել։ Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս ապատեղեկատվություների ֆոնին գրել է, որ ՀՀ ՊՆ-ին հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել ու հավելել, թե Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի։ 

Մերի Մանուկյան

--00--ԱՀ