Ինչո՞ւ եք խառնվել իրար, ծան՞ր եք տարել գյումրեցիների ջերմ վերաբերմունքը. Դանիելյանը՝ ՔՊ-ական Սարիկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

photo_2025-03-24_16-52-22

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Տեղեկացա, որ Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն անդրադարձել է երեկվա մեր այցին՝ ասելով, թե «գնացինք Կիրանցը խառնեցինք, հիմա էլ եկել ենք Գյումրի»։

Սարիկին հորդորում եմ իզուր չհիշատակել Կիրանց գյուղի անունը։ Զավեշտալի է, որ Կիրանցի մասին համարձակվում է խոսել և մեզ դասեր տալու փորձեր անել մի մարդ, որն հայրենահանձնումից հետո միացել է իշխող ուժին։

Այո՛, ես պայքարել եմ Տավուշում հայրենահանձնման դեմ և չեմ ամաչում դրա համար։

Սարիկը խոսում է նաև սադրանքներից։ Այդ դու’ք եք երեկ սադրանքներ իրականացրել՝ 3 անգամ խմբեր ուղարկելով մեր դեմ։ Տեսանյութերում շատ լավ արձանագրված է, թե ով է սադրանքի գնում։

Սարիկը չպետք է որոշի, թե ով կարող է գնալ Գյումրի։ Գյումրին բոլորինս է, ինչպես ՀՀ բոլոր քաղաքները։ Այսպիսի պառակտիչ խոսույթը բնութագրական է միայն ՔՊ-ին։

Լավ կլիներ, որ բազմաթիվ կուսակցություններ փոխած թեկնածում չմոռանար նաև նախկինում իր տված գնահատականները։

Ի՞նչն է ձեզ վախեցրել, ինչո՞ւ եք խառնվել իրար։ Ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք երեկ Գյումրիում։

Որքան էլ ողջ կուսակցական ու վարչական ռեսուրսով, պետական պաշտոնյաներով ներգրավվեք Գյումրու ընտրություններին, փորձեք ներազդել արդյունքների վրա, հանրային տրամադրություններն այլ բանի մասին են վկայում։

Եթե ձեր հույսն այն է, որ նման հայտարարություններով կարող եք հեռու պահել մեզ ընտրական գործընթացներից, չարաչար սխալվում եք։

Մենք վերահսկելու ենք թե’ նախընտրական, թե’ հետընտրական ողջ ընթացքը՝ թույլ չտալով, որպեսզի կեղծիքներ իրականացվեն։

Կոչս է, որ գյումրեցիները մարտի 30-ին մասնակցեն Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ իրենց քվեն տալով ընդդիմադիր թեկնածուներին։

Կանխատեսելի է, որ իշխող ուժը դիմելու է վարչական ռեսուրսի չարաշահման։ Արդեն իսկ տեսնում ենք նման դրսևորումներ։ Այնուամենայնիվ, ակտիվ մասնակցությունը խնդիրներ է ստեղծելու ՔՊ-ի համար։

Թե՛ ընտրություններով, թե՛ այլ գործընթացներում ներգրավվելով մեր ժողովուրդը պետք է արտահայտի իր բողոքի ձայնը՝ ոչ ասելով իշխող խմբավորմանը։

Գյումրիում ՔՊ-ն չպե՛տք է վերարտադրվի։ Գյումրիից կարող է սկսել մեր երկրի ազատագրումը»։   

--00—ՅՄ