Փարիզում մեկնարկել է Ուկրաինայի անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

photo_2025-03-27_16-22-57

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որոնք գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ուկրաինային «արդար և տևական խաղաղության» հասնելու գործում օգնելու լավագույն միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն է։ Հանդիպումից առաջ X սոցիալական հարթակում Կոշտան գրել է, որ մարտի 27-ին ինքն այդ ուղերձը կփոխանցի ԵՄ ղեկավարներին։ 

Սա երրորդ, այսպես կոչված, «կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովն է, որոնք նախաձեռնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ նպատակ ունենալով քննարկել Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, ինչպես նաև այն դերը, որ ապագայում պետք է ունենան Կիևի դաշնակիցները՝ հրադադարի դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։

--00—ՅՄ