ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի՝ համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ։
Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը․
«Starmus» թիմը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու Քենեդի կենտրոնում անցկացվող «Երկրից տիեզերք» փառատոնին։
Փառատոնի ընթացքում «Starmus» -ին հատկացվել է երկու օր․ ապրիլի 1-ին տեղի կունենա «STARMUS-Cosmic Beginnings and Mysteries: Exploring the Origins of Life and the Depth of Gravity» խորագրով պանելային քննարկումը: Այնուհետև, ապրիլի 2-ին, ժամը 18:30-ին, Քենեդի կենտրոնում կկայանա «Starmus VI» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ընդունելությանը մասնակցել են ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ելույթներով են հանդես եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և «Starmus»-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։ Գարիկ Իսրայելյանը ներկայացրել է «Starmus»-ը՝ անդրադառնալով «Երկրից տիեզերք» փառատոնի ընթացքում կայանալիք միջոցառումներին ու ֆիլմի ցուցադրությանը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։