ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախաձեռնություն է ներկայացրել, ըստ որի ՀՀ վարչապետին առաջարկվում է, 27 տարին լրացած հանրապետությունում չգտնվող և զինված ուժերում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնք Մարուքյանը։
«Հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,- նշել է Մարուքյանը։
Ըստ պատգամավորի՝ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը։
Մարուքյանի դիտարկմամբ՝ համաներման արդյունքում 7 հազար մարդ կմնա, որոնց 27 տարին չի լրացել և կգան ու կծառայեն։
«Մենք կարող ենք ասել, որ սա առաջին և վերջին անգամ ենք անում։ Խոսքը չի վերաբերում մինչև 27 տարեկաններին, ովքեր դեռ կարող են գալ և ծառայության անցնել բանակում»,-ասել է նա։