ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
«Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցում մոտ 165 բացակա աշակերտ կա, որոնցից 150-ը վատառողջ են։ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնում է, որ բացակաների պատճառը վերջերս ակտիվացած սուր շնչառական վիրուսներն են։
«Բացակա աշակերտների ծնողները մտահոգված են վիրուսային վիճակի պատճառով և դպրոց չեն ուղարկում երեխաներին։ Մենք զանգում և տեղեկանում ենք, ինչ-որ ձևով համոզում ենք, նույնիսկ բուժքույրերը խիստ ռեժիմով մտնում են դասասենյակներ և ստուգումներ են իրականացնում։ Այսօր վատառողջ լինելու պատճառով երկու երեխայի տուն ենք ուղարկել, երեկ՝ 5, նախորդ օրն էլ՝ 9 երեխա ենք տուն ուղարկել», - 24News-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը։
Տնօրենի խոսքով՝ դպրոցում ջեռուցման խնդիր չկա, աշակերտների մեծ թվով բացակայությունները սկսվել են մոտ փետրվարի 7-ից, երբ այլ դպրոցներում գրիպի դեպքերի վերաբերյալ լուրեր տարածվեցին։
«Առայժմ բացակաները բժշկական թուղթ չեն ներկայացրել, այդ պատճառով անհարգելի բացակա ենք նշանակել։ Դասապրոցեսը, իհարկե, տուժում է, բայց դադարեցնել չենք կարող», - ասաց Արմինե Գրիգորյանը։
Տնօրենը նշեց նաև, որ միգուցե բացակայող աշակերտների համար ուսուցիչները, այսպես ասած, շերտավոր ուսուցում կկազմակերպեն, այսինքն՝ բաց թողած դասընթացները աշակերտները կկարողանան լրացնել անհատական աշխատանքներով։