ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավոր Վահե Միսակյանը հեռացել է խորհրդակցական սենյակ դատախազին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին:
Նշենք, որ գործի շրջանակում Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15391765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 միլիոն դրամը:
Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է
Նշենք նաև, որ դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ։