ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Համապատասխան նախագիծը նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել:
ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հանցագործության մասին սուտ մատնության համար, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: Դրա կատարման համար որպես պատիժ սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Այժմ առաջարկվում է այն խստացնել. որպես պատիժ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով տուգանք, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված են սուտ մատնության հանցակազմի ծանրացնող հանգամանքները, այն է՝ նույն արարքը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կամ զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, կամ կատարվել է շահադիտական դրդումներով: Այդ դեպքում սահմանված առավելագույն պատիժը 5 տարի ժամկետով ազատազրկումն է:
Առաջարկվում է 5 տարվա փոխարեն առավելագույն պատժաչափը սահմանել 6 տարի:
Ըստ նախարարության ներկայացրած վիճակագրության՝ 2016-2019թթ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է սուտ մատնության 496 դեպք, որից միայն 163-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
ՀՔԾ-ում սուտ մատնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի աննախադեպ աճը պահպանվում է 2013 թվականից առ այսօր: Համեմատության համար ԱՆ-ն նշել է, որ եթե 2013-ին՝ ամբողջ տարվա ընթացքում, ՀՔԾ-ում սուտ մատնության հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել է 7 քրեական գործ, ապա 2017 թվականին դրանց թիվը ավելի քան 10 անգամ աճել է՝ հասնելով 71-ի: