Թող մանուկները արժանանան Հարության լուսավոր ավետիսին․ Ծաղկազարդը՝ Սբ․ Սարգիս եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

գգ

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։

Ծաղկազարդից սկսվում է Տիրոջ երկրային կյանքի վերջին՝ Ավագ շաբաթը, որի բոլոր օրերն ունեն իրենց խորհուրդները։

Բերկրառատ տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Անուշավան քահանա Կոշեցյանն էր:

Հավարտ Սուրբ Պատարագի, Նավասարդ Սրբազանի ձեռամբ օրհնվեցին եկեղեցում ներկա մանուկները: 

Արարողության ավարտին Սրբազան հայրն անդրադարձավ օրվա խորհրդին՝ մաղթելով Աստծո օրհնությունը բոլոր մանուկներին, որպեսզի լինեն լույսի որդիներ և իրենց ողջ կյանքի ընթացքում օրհնեն Տիրոջն ու արժանանան Հարության լուսավոր ավետիսին։ 

Ծաղկազարդի երեկոյան կատարվեց Դռնբացեքի կարգ: Դռնբացեքի արարողությանը ներա հավատացյալները հոգևորականի շուրթերով խնդրում են Աստծուն բացել Երկնքի արքայության և աստվածային ողորմության դռները։

 


--00--ՍՊ