ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
2018-ի փետրվարի 21-ին սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի ու նրա նշանածի սպանությունից հետո, փողոցային ցույցերի ճնշման տակ նախ հրաժարական տվեց ՆԳ նախարար Ռ. Կալինյակը, ապա նաև վարչապետ Ռ. Ֆիցոն: Սակայն վերջինս իր թիմով կարողացավ նորից իշխանության գալ 2023-ի աշնանը կայացած ընտրություններում: Այդ մասին գրում է hetq.am;
Կալինյակը մեկ ամսում երկու անգամ կեղծիք է հնչեցրել Հայաստանի մասին
Փետրվարին տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր խոսքի մեջ Ռ. Կալինյակը որպես օրինակ նշել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրույցը Smer-SD կուսակցության ու Կալինյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրվել է փետրվարի 21-ին:
Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրություններ անցկացվել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամետ կառավարության ներկայացուցիչ Կալինյակն ասել է. «Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»:
ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլավ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրավիրվել, նրանից բացատրություն չի պահանջվել, Սլովակիայի կառավարությանը հայկական կողմը բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանությունը լռություն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Հովհաննիսյանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Ավստրիայում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում):
Փոխարենը Կալինյակի հայտարարությանը փետրվարի 22-ին արձագանքել են Սլովակիայի հայերը իրենց ստեղծած «Լուրեր Ղարաբաղ-Արցախից» ֆեյսբուքյան էջով, որը 2020 թվականից ներկայացնում է սլովակերեն նորություններ Հայաստանի ու օկուպացված Արցախի վերաբերյալ:
«Ցավում ենք, որ նախարարը տրվել է ադրբեջանական քարոզչությանը: Քաղաքական գործիչները պետք է ստուգեն փաստերը, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեն,- ասվում է հայկական կողմի հայտարարության մեջ, ապա կոչ ուղղվում հենց Ռոբերտ Կալինյակին,- եթե Դուք աչք եք փակում Ղարաբաղում ադրբեջանական իսլամիստական տարրերի կողմից առաջին քրիստոնյաների (301 թ. հայերն ընդունել են քրիստոնեությունը որպես աշխարհում առաջին պետություն) դեմ իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման վրա (Բաքվի հետ զենքի բիզնեսի, գազի եւ այլնի, այսինքն՝ ռեալպոլիտիկի պատճառով), ապա առնվազն մի մեղադրեք զոհերին, որոնք վտարվել են իրենց հայրենիքից, որտեղ ապրել են 2500 տարի: Հակառակը, ադրբեջանցիներն են այս տարածքում իմիգրանտ առավելագույնը 100 տարվա պատմությամբ»: