Աշխատաշուկայի կրճատում, պետբյուջեի սահմանափակում. ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

աա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․

«Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանի իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը նվազել է և դարձել բացասական՝ կազմելով -285.6 մլն ԱՄՆ դոլար (113.3 մլրդ դրամ)՝ համեմատած 2023 թ. դրական 479.3 մլն ԱՄՆ դոլարի (194.3 մլրդ դրամ) հետ։ Տարեկան կտրվածքով սա ավելի քան 2.6 անգամի նվազում է։ Դա վկայում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության պակասի մասին։

Այս բացասական միտումը հատկապես նկատելի է ուղղակի օտարերկրյա ներդրումների գծով, որոնց զուտ հոսքը 2024-ին կազմել է -112.9 մլն ԱՄՆ դոլար (44.8 մլրդ դրամ)՝ նվազելով 2.2 անգամ՝ նախորդ տարվա 624.1 մլն ԱՄն դոլարից (253 մլրդ դրամ)։

Հիմնական ներդրումային գործընկերներից՝ Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ստացվող հոսքերի կտրուկ անկումը դարձել է այս բացասական դինամիկայի գլխավոր գործոնը։ Մասնավորապես, Ռուսաստանից ընդհանուր ներդրումների զուտ հոսքը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է նվազել՝ 2024 թ.-ին հասնելով -156.3 մլն ԱՄՆ դոլարի (62 մլրդ դրամ)։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ռուսական ուղղակի օտարերրկրյա ներդրումների զուտ հոսքը ևս դարձել է բացասական՝ կազմելով -215.1 մլն ԱՄՆ դոլար (85.2 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4.8 անգամ։

Ավելին, ԱՄԷ-ից ստացվող ընդհանուր ներդրումների զուտ հոսքը գրեթե զրոյացել է՝ 257.6 մլն ԱՄՆ դոլարից (104.3 մլրդ դրամ) նվազելով մինչև -23.5 հազար ԱՄՆ դոլար (9.3 մլն դրամ)։ Նմանատիպ իրավիճակ է նաև ուղղակի ներդրումների մասով՝ 248.9 մլն ԱՄՆ դոլարից (100.8 մլրդ դրամ) մինչև -23.4 մլն ԱՄՆ դոլար (9.3 մլրդ դրամ)։

Վերը նշված թվերը և միտումները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չունեն երկարաժամկետ, համակարգված և վստահելի տնտեսական ռազմավարություն, որը թույլ կտար պահպանել և զարգացնել օտարերկրյա կապիտալի ներգրավման գործընթացը։ Ներդրողների համար կարևոր է ոչ միայն հարկային արտոնությունների կամ աշխատուժի ծախսերի գործոնը, այլ նաև կայուն և կանխատեսելի տնտեսական ու քաղաքական միջավայրը, որն այսօր, դատելով ներդրումային դինամիկայից, ՀՀ-ում առնվազն լավ վիճակում չէ։

Այս ամենը հղի է լուրջ մակրոտնտեսական հետևանքներով՝ ներդրումային ճգնաժամ, տնտեսական աճի դանդաղում, աշխատանքի շուկայի կրճատում և պետական բյուջեի սահմանափակումներ։ Նման միտումների խորացման դեպքում առաջիկա տարիներին Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանի ներդրումային քարտեզից»։


--00--ՍՊ