Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News    

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:



Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:



Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը նշել է նաեւ բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետեւելու կարեւորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:



Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված եւ արդյունավետ լուծում տալու ուղղությամբ:



Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: