ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը,
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։
Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը:
Պատրիկ Դևեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»: