Փրկարարները Հրազդանում գտնվող լճակից հայտնաբերել են կորած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ԱԻՆ

Ապրիլի 16-ին` ժամը 08:50-ին, ոստիկանության աշխատակիցներն անհայտ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հրազդանի Վանատուր թաղամասի թիվ 438 տան մոտակա լճակում իրականացնելու նպատակով դիմել են Փրկարար ծառայության օգնությանը:



ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը (նավակով) մեկնել են օգնության:



Փրկարարները թիվ 285 տան մոտակայքում գտնվող լճակից հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին` ժամը 11:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բնակիչն ենթադրվում է, որ ընկել է տան հետնամասում գտնվող ճահիճը:



Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վանատուր թաղամասի թիվ 438 տան բնակիչ Սիրանուշ Հ.-ն (ծնված 1937 թ.) ապրիլի 11-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել:



Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, նշված ճահճում և Մարմարիկ գետի ափամերձ տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է՝ անարդյունք:



Ապրիլի 14-ին` ժամը 12:48-ին, որոնողական աշխատանքներին աջակցելու համար կրկին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



Աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով:



Ապրիլի 15-ին` ժամը 10:15-ին, ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում՝ Վանատուր թաղամասի մոտակայքում, որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դիմել են ջրափրկարարների օգնությանը: 



Օգնության են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական երկու ջոկատ և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են մանրակրկիտ և երկարատև որոնողական աշխատանքներ, որը դադարեցվել է մթության պատճառով: