ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը։
Ermenihaber-ի հաղորդմամաբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որում մասնավորապես ասվում է․
«Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն համաձայնագրի շրջանակներում Իդլիբի M4 մայրուղում ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը»։
Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։