ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Չորեքշաբթի օրը հայտնի մի շարք մարդկանց թվիթերյան էջերը ենթարկվել են հաքերային հարձակումների: Նրանց թվում են ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդընը, հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը, երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման, միլիարդատեր գործարար Էլոն Մասքը, ռեփեր Քանիե Ուեսթը ու մեծ թվով այլոք: Այդ գրառումներում հիմնական կոչը դրամական հատկացում կատարելն է եղել: Նպատակը հայտնի մարդկանց անուններից հանդես գալով, ուրիշներից կրիպտոարժույթ հափշտակելն է եղել: Եղել են մոտավորապես այսպիսի գրառումներ, ասենք Բիլ Գեյթսի հաշվից. «Դուք ինձ ուղարկեր 1000 դոլար, ես կվերադարձնեմ 2000-ը»: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։
Փորձագետներին զարմացնում է միաժամանակյա ինտենետային այս հարձակման մեծ ճակատը: Սա ցույց է տալիս, որ այն չի իրականացվել մեկ հաշվեհամարից: Ինչպես CrowdStrike կիբերանվտանգության ընկերության համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչն է ասում, «կարծում ենք սա սոցիալական մեդիայում հաքերային ամենալայնամասշտաբ հարձակումն էր»:
Թվիթերյան այս գրառումները արագ ջնջվել են էջերից, սակայն մի տեսակ պայքար է նկատվել ջնջողների ու հարձակվողների միջև: Օրինակ Էլոն Մասքի թվիթերյան էջում կրիպտոարժույթի մասին գրառումը հանվելուց հետո, հայտնվել է մեկ ուրիշը, ապա` երրորդը:
Ի դեպ առցանց հարձակումն իրականացվել է նաեւ ընդդեմ «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, մեծ ներդրող Ուորեն Բաֆեթի, «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նեաւ «Ուբեր» եւ «Էփըլ» ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաների:
Առաջին տվյալների համաձայն համացանցի այս ավազակային խումբն արդեն ստացել է ավելի քան 100 հազար դոլարի համարժեք կրիպտոարժույթ:
--0—ՄՀ