ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Հայաստանը Ռուսաստանի հետ դեռևս չի բանակցում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա հայտնեց, որ այս պահին առողջապահության նախարարությունը հետևում է պատվաստանյութի փորձարկումների ընթացքին։
«Եթե որևէ երկրի հետ պատվաստանյութի շուրջ քննարկումներ լինեն, ապա անպայման դրա մասին կհայտնենք»,-ասաց Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանում գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը նոր կորոնավիրուսի դեմ։
Հաղորդելով այս մասին կառավարության նիստում՝ Վլադիմիր Պուտինն ասել է՝ կլինիկական փորձարկումներն ապացուցել են, որ այն արդյունավետ է և կարող է տևական իմունիտետ ապահովել։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ իր դուստրերից մեկն արդեն ստացել է այդ պատվաստանյութը։
Նշենք, որ ՌԴ-ն կորոնավարակակիրների թվով աշխարհում 4-րդ տեղում է։ Օգոստոսի 13-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավարակակիրների թիվը 907 758 է, անցած օրվա ընթացքում, երկրի 83 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5,057 նոր դեպք:
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ