ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Աշխարհի շատ երկրներից հայեր, օտարերկրացիներ Արցախին աջակցելու նպատակով մարդասիրական օգնություն են հավաքել, այդ թվում՝ դեղորայք և բժշկական պարագաներ, որոնց Հայաստան տեղափոխման տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:
Ռուսաստանի հայ համայնքը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցության: Արդեն իսկ դեղերով և բժշկական պարագաներով բեռը սպասում է Հայաստան հասնելուն: Դեղերի տեղափոխման հետ կապված հարցերը լուծվում են կառավարության աջակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:
«Ամբողջ աշխարհում սփյուռքը շատ մտահոգված է իրավիճակով և շատ մեծ աջակցությունն է առաջարկում Հայաստանին, Արցախին: Շատ սերտ համագործակցություն ունենք բոլորի հետ, ունենք առաջարկներ՝ և դեղերի, և բժշկական նշանակության ապրանքների, սարքավորումների մասով: Ռուսաստանի հայ համայնքի կողմից առաջիկայում սպասում ենք դեղերի և բժշկական նշանակության ապրանքների խմբաքանակ»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ շատ կարևորում են այդ համագործակցությունը:
Նա շեշտեց՝ աջակցությունը մեծ կարևորություն ունի, սակայն կարևոր է նաև, թե ինչպես է դա իրականացվում: «Դեղերն ունեն ջերմային ռեժիմի պահպանման կանոններ: Եղանակային պայմանները ևս պետք է հաշվի առնել»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց աջակցության համար:
Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք խնդիրներ հավաքված դեղերը, բժշկական պարագաները Հայաստան հասցնելու հետ կապված՝ նա նշեց, որ ներկայումս կառավարությունում զբաղվում են տեղափոխման կազմակերպչական, տեխնիկական հարցերի լուծմամբ:
--00—ՄՀ