ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Թուրքիան և այլ պետություններ պետք է չմիջամտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ նշելով, որ իրենք Թուրքիային հստակ հասկացրել են այս մասին:
Այս շաբաթ Անկարայի ու Օտտավայի միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Կանադան դադարեցրել է որոշ պաշտպանական տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա, քանի որ դրանք օգտագործվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության գոտում:
Շամպանը հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել նպաստել ԼՂ հակամարտության գոտում լարված իրավիճակի հանդարտեցմանը և իր մերձավոր դաշնակից Ադրբեջանին խրախուսել մասնակցել խաղաղ բանակցություններին:
«Իմ ուղերձը շատ հստակ էր. Թուրքիան և այլ երկրներ պետք է հեռու մնան այս հակամարտությունից: Մենք ունեցել ենք խիստ քննարկում, որի ժամանակ ես նրան ներկայացրի Կանադայի դիրքորոշումը»,- ասել է նա:
--00--ԱԹ