ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանում նույնպես այդպիսի ընկալում կա մեր հարևանության և հարաբերությունների վերաբերյալ:
Իհարկե, երկար տարիներ մեր տնտեսական կապերը զարգացել են, հատկապես Սյունիքի մարզում միշտ առկա է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրություն: Մենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար: Մի շարք հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գոտին դեռ բավարար թափ չի ստացել, բայց համոզված ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարևոր հենման կետ՝ մեր հարաբերությունների տնտեսական հատվածի հետագա զարգացման համար:
Մենք իհարկե հետաքրքրված ենք նաև, նախկինում էլ քննարկել ենք մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցը: Անվտանգային ոլորտում նույնպես քննարկումներ ունենք, օրակարգում առկա են որոշակի հարցեր, և մեր խոսակցությունների ու քննարկումների բնույթը ռազմավարական է: Մենք պետք է ջանքեր գործադրենք հաջողության հասնելու համար»:
--00—ՄՀ