ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովն ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ խոսել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում և ռազմագերիների վերադարձի ու ականապատ քարտեզների փոխանցման մասին։ Հանդիպման մասին հաղորդագրությունը տարածել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Լավրովն ու Միրզոյանը անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգային հարցերի շրջանակի՝ խոսելով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ-ի հունվարի 11-ի կատարման մասին։ Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը և հարևանների միջև համագործակցության խորացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Կողմերը շեշտել են հումանիտար խնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը՝ ի նկատի ունենալով առաջին հերթին պահվող անձանց վերադարձը, ականապատ քարտեզների փոխանցումը և մշակութային ժառանգության արժեքների պահպանումը», - ասված է հաղորդագրությունում։
Ռուսական կողմը նաև գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստով, որը կայացել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
--0--ԿԿ