ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Նոյեմբերի 24-ին Արցախի ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցման է ներկայացվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Առկա խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացները ներդաշնակեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝ հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, իսկ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում «10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ» բառերը հանելու առաջարկություն էր ներկայացրել, որը չի ընդունվել լիազոր մարմնի կողմից։
Նախագծի հեղինակը հիմնավորումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։ Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Աժ նախագահ Ա․ Թովմասյանը, պատգամավորներ Դ․ Մելքումյանը, Դ․ Գալստյանը, Ա․ Հակոբյանը, Ա․ Մոսիյանը։
Քվեարկության արդյունքներով նախագծերի փաթեթը բացասական եզրակացությամբ ներկայացվել է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։