ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Մարդկանց գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»:
Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար»,-գրել է իրանագետը։
Նշենք, որ երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։
--00--ՀԶ