ՀԲ-ն կշարունակի համագործակցել Քննչական կոմիտեի հետ՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։

 

Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է նախաքննության ընթացքում թվային գործիքների ներդրման գործընթացը և շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար:



ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ մասնագետներին մանրամասն ներկայացրել է նախաքննության թվայնացման, քրեական վարույթներով առավել արդյունավետ քննությունների համար նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված՝ օրենսդրական բարեփոխումները և Համաշխարհային բանկի աջակցությամբ մինչ այժմ դրանց կենսագործման ուղղությամբ կատարված աշխատանքները։



ՀԲ մասնագիտական խմբի անդամները նշել են, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակելու համագործակցությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ նպաստելով կառավարման տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ 

--00—ՍՊ