ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում առնվազն 764 մարդ է տուժել ավազամրրիկների հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։
Փրկարարների տվյալներով՝ վերջին հինգ օրվա ընթացքում նահանգի հյուսիսում բնակվող առնվազն 764 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանցից 115-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում։ Օդերևութաբանները նշում են, որ նահանգի տարածքում հորիզոնական տեսանելիությունը կրճատվել է մինչև 3 կմ, այդ թվում՝ Սիստան և Բելուջիստան վարչական կենտրոն Զահեդանի օդանավակայանում։
Օդերևութաբաններն ընդգծել են, որ ներկայում ավազամրրիկի ուժգնությունը նվազում է, սակայն դրա ավարտվելու մասին խոսել դեռ վաղ է։ Նահանգում հայտարարվել է եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ: Բնակիչներին հորդորել են խուսափել ոչ պարտադիր ճանապարհորդություններից։ Այս ցուցումները հատկապես վերաբերում են շնչուղիների հիվանդություններ ունեցող անձանց, երեխաներին և տարեցներին:
Հունիսի 18-ին Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը հաղորդել էր, որ ավազամրրիկը պատուհասել է Իրանի Քերմանշահ նահանգը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության արևմուտքում և սահմանակից է Իրաքին։ Այնտեղ տուժածների մասին տեղեկություններ չկան։
--00--ԶՀ