ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Մալյորկայի «Պալման» Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերի հետ Երևանում հռչակվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ եզրափակչում 5:1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տանելով «Բարսելոնայի» նկատմամբ: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Եզրափակիչ խաղի առաջին կեսն ավարտվեց «Պալմայի» առավելությամբ՝ 2:1 հաշվով: Ընդ որում 1:1 հաշվի պայմաններում «Բարսելոնայի» խաղացողները երկու անգամ 6-մետրանոց հարված իրացնելու իրավունք են ստացել, սակայն երկու դեպքում էլ Մալյորկան ներկայացնող թիմի դարպասապահը հրաշալի է գործել և փրկել է իր թիմին վերահաս գոլերից: Առաջին կեսի վերջին վայրկաններին արդեն «Պալմայի» խաղացող Վիլիանը գեղեցիկ հարվածով գրավել է կատալոնացիների դարպասն ու առաջ մղել իր թիմին:
Երկրորդ խաղակեսում «Պալմայի» խաղացողները մեծացրին իրենց առավելությունը` ևս երեք անգամ գրավելով մրցակցի դարպասը: Մի քանի դրվագում բավականին հաջող հանդես եկավ նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը՝ գեղեցիկ սեյվերով փրկելով իր թիմին:
Այսպիսով, Մալյորկայի «Պալման» Երևանում երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:
--00—ԱՊ