ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։
Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես գործիք՝ հակամարտությունների էսկալացիայի և միջազգային կայունությունը խաթարելու համար։
«Կեղծ խոսույթներ են օգտագործվում՝ մշակույթը դարձնելով բաժանարար գործիք, այլ ոչ թե միավորող գործոն։ Ցավոք, նույնիսկ մեր օրերում միջազգային կոնվենցիաների պարտադիր իրավական ուժ ունեցող սկզբունքները և Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներն անտեսվում են՝ ստեղծելով վտանգավոր նախադեպեր, որոնք սպառնում են մշակութային պաշտպանության գլոբալ համակարգին և արտացոլում միջազգային բազմակողմ ինստիտուտների և մեխանիզմների թուլացումը», - նշեց Վահան Կոստանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ