Կրակոցները սովորականից շատ են․ ադրբեջանցիները երկու օր ընդմիջումից հետո ավելի ինտենսիվ են կրակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

Երեկոյան ժամը 23։00-ից մինչև գիշերը ժամը 04։30-ի սահմաններում են կրակոցներ եղել։ Դրանք  սովորականից շատ էին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական ԶՈՒ-երը կեսգիշերին կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակել տուն։ Պն-ից հայտնել են, որ տուժածներ չկան։

Խնածախի նախկին գյուղապետը դեռ չի հասցրել ծանոթանալ վնասներին։ Հարցին՝ մթնոլորտն ինչպես է գյուղում, Թավադյանը պատասխանեց՝ ցանկացած գիտակից մարդ, բնականաբար, կրակոցներից վախենում է, տղամարդկանց համար նորմալ է, բայց կանայք  և երեխաները վախենում են, կրակոցները շատ մոտ են, բայց խուճապ չկա։ 

Վերջին շրջանում կրակոցները Խնածախի ուղղությամբ շատացել է, մարտի 20-ից սկսել է, երկու օր ընդմիջում է եղել, սակայն այս գիշեր առավել ինտենսիվ է եղել։

Նախորդ օրերին շինություններ չեն վնասվել։ 
«Խաղաղություն կցանկանայի, որ կարողանանք ապրել՝ մենք էլ, դուք էլ։ Միայն Խնածախը չէ սահման, ամբողջ Հայաստանն է սահման»,- ամփոփելով զրույցն՝ ասաց Թավադյանը։

«Փաստինֆո»-ն դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ ՔԿ-ին՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ կրակելու, ՀՀ քաղաքացու գույքը վնասելու առնչությամբ, պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք։ 

--00--ԱՀ