ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
24News-ի խմբագրություն են դիմել Մեղրի խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ, նշելով, որ իրենց սեփականությունը հանդիսացող տներն ըստ 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2322-Ն որոշման՝ ընդգրկված են ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և որ իրենք պետք է ստորագրեն պահպանական պարտավորագիր։ Սակայն բնակիչներին այդ մասին իրազեկել են միայն 19 տարի անց՝ 2024 թվականին։
Անուշ Փարսադանյանի Մեղրիում գտնվող հայրական տունը այդ ցանկում է ընդգրկված։ Քաղաքացին նշում է, որ սեպտեմբեր ամսին բնակիչները համայնքապետարանից ստացել են պարտավորագիր ու այդ ժամանակ իմացել են, որ իրենց բնակելի տները ճանաչվել են պատմական հուշարձան և որ հիմա իրենք պետք է պարտավորագիր ստորագրեն:
«Այդ պարտավորագրի մեջ նշված չէ սեփականատերերից որևէ մեկի իրավունքները: Մենք իրավունք չունենք վաճառել, վարձով տալ, նվիրատվություն անել մեր տները: Մենք միասնական չենք ստորագրել այդ պարտավորագրերը, դրան ի պատասխան ոստիկանությունից եկել է թուղթ՝ ԿԳՄՍՆ հրամանն է, որ 95-րդ հոդվածի համաձայն պետք է ենթարկվենք վարչական տույժի»,- ասաց Անուշ Փարսադանյանը:
Բնակիչները դիմել են վարչապետին, ԱԺ նախագահին, ԿԳՄՍ նախարարին, Սյունիքի մարզպետին և Մեղրու համայնքապետին, որպեսզի պարզաբանեն իրենց, եթե 2005 թվականից է ընդգրկված եղել, ինչո՞ւ են 19 տարի լռել և միայն հիմա են ներկայացնում, ինչո՞ւ չկա քաղաքացու իրավունքը, ինչո՞ւ նույն թվականին կառուցված բնակարաններից մեկը համարվել է պատմական հուշարձան, մյուսը՝ ո´չ, ի՞նչ հիմքով են ընտրություն կատարել այդ բնակարանների միջև:
«Խնդրել ենք, որ փորձագիտական խումբ գա, ստուգի: Այսինքն, այդ փոփոխություններն արվեն սեփականատերերի ներկայությամբ նոր ճանաչվի հուշարձան, ոչ թե ստորագրվի պարտավորագիր և լինի միակողմանի, այլ լինի պայմանագիր, որտեղ կլինեն և՛ մեր պարտավորությունները, և՛ պետության ու նաև ընդգրկվեն մեր իրավունքները, գոնե մեր իրավունքներից մի քանի կետ ներառվի ներսում»,-պարզաբանեց Անուշ Փարսադանյանը:
Դեկտեմբերի 10-ին բնակիչներին կրկին գրություն է եկել, որ այդ պարտավորագիրը պետք է ստորագրեն, չստորգրելու դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Մեղրու համայնքապետը 24News-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցում իրենք մեղավորություն չունեն, իրենց երբ տեղեկացրել են, իրենք էլ իրազեկել են բնակիչներին. «Մենք խնդրել ենք Երևանից մասնագետներ գան, բնակիչների հետ հանդիպեն և այդ ամենը մանրակրկիտ բացատրեն մեր բնակիչներին: Մենք ինչքան բացատրենք, ասենք, իրենց մոտ ոնց որ մութ տեղ ա մնում»,- նշեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը:
Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ բնակիչների մտավախությունը, թե իրենք զրկվելու են իրենց սեփականության իրավունքից կամ պետք է ազատեն իրենց տները չի համապատասխանում իրականությանը, նրանք պարզապես պետք է ստորագրեն պարտավորագիր, որ արտաքին տեսքի հետ կապված որևէ փոփոխություն չեն կատարելու։
Բայց մեկ այլ խնդիր բարձրաձայնեց համայնքի ղեկավարը, նշելով, որ թեև տները ներառված են պատմական հուշարձանների ցանկում, բայց բնակչի տունը ջուր է կաթում, ասում են ձեռք մի տվեք:
Անդրեասյանը ահազանգում է՝ Մեղրի համայնքում կան մի շարք եկեղեցիներ, որոնք ներառված են պատմամշակութային հուշարձանների շարքում և իրենք չեն կարողանում վերանորոգել, իսկ ժամանակի ընթացում այդ եկեղեցիները փլվում են:
«Մեղրու շրջանում եկեղեցիներ կան, որոնք արդեն քանդվել են, տանիքները լրիվ քանդվում են, ուզում ենք մենք վերանորոգենք, ասում են՝ դուք ձեռք չտաք, բայց արդեն քանի՜ եկեղեցի հիմնահատակ քանդվել է: Հիմա նույնն էլ էս մարդկանց տներն են»,- հայտնեց Անդրեասյանը:
Պատմական հուշարձանների շարքում Մեղրի համայնքից ընդգրկված է մոտ 100 տուն:
24News-ը դիմել էր ԿԳՄՍ նախարարություն` խնդրելով՝ պարզաբանում տալ մի շարք հարցերի վերաբերյալ, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին:
Մինչ մեր հարցմանը պատասխանելը, նախարարությունը պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ պարտավորագիր կնքելու մասին տարածվող ապատեղեկատվությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածում, նշելով. «Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի հենց սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին, որպեսզի բացառվեն հուշարձանների քանդման, օրենքի խախտմամբ ձևափոխման և այլ ապօրինի դեպքերը: Պահպանական պարտավորագրերի կնքումը որևէ կերպ չի ազդում սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և չի առաջացնում որևէ նոր պարտավորություն, որն արդեն սահմանված չէ օրենքով և իրավական այլ ակտերով:
Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված պարտականությունից հրաժարվելը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատված պահպանական պարտավորագիրը չստորագրելը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտում է:
Վերջինս առաջացնում է տուգանք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով: Այն սեփականատերերը, որոնք սահմանված կարգով տալիս են պահպանական պարտավորագիր, ենթակա չեն տուգանքի»,- ասված էր հայտարարության մեջ:
Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ