ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը վստահեցնում է, որ թեև Բաքվի հորինած և նրա կողմից հնչող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը կարող է օգուտ բերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր երկրի ներսում, այդուհանդերձ, նրա խոսքերը միջազգային մակարդակում «խուլ ականջների կբախվեն» և անարձագանք կմնան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ խոսելով Բաքվի կողմից արդեն տևական ժամանակ դաշտ նետվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին, որով Բաքուն ցանկանում է նյութականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային պահանջները։
«Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից հետո Իլհամ Ալիևին անհրաժեշտ են նոր նարատիվներ՝ արդարացնելու համար իր բռնակալությունը։ Այդ նպատակով նա հորինում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը: Թեև դա կարող է օգուտ բերել նրան իր երկրի ներսում, բայց ես ցանկանում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ միջազգային մակարդակում նրա խոսքերը խուլ ականջների կբախվեն.»,-նշել է շվեյցարացի պատգամավորը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ գոյություն ունեցող տարածքային պահանջների վերաբերյալ՝ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը ՀՀ վարչապետի հայտարարությունն Արևմուտքին ուղղված զգոնության կոչ համարեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ