2025-ի բյուջեն պլանավորելիս գիտեինք, որ 2024-ին հարկերը հավաքագրվելու են շուրջ 155 մլրդ դրամով պակաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

346ecdf9984a8bd0d9874d767447ac23_M

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Ֆինանսների նախարարը ստում է....» վերտառությամբ մի իբրև ցնցող նորություն է հրապարակել, որտեղ փորձում է ապացույցներ ներկայացնել այն մասին, որ ես կա՛մ տեղյակ չեմ, թե պահուստային ֆոնդում որքան գումար է նախատեսված, կա՛մ չգիտեմ, որ 200-ը 95.4-ից մեծ է: Իրականությունը, սակայն, այն է, որ այս օրաթերթը, որը մասնագիտացած է միայն էժան բամբասանքներ, զրպարտություն և տեղեկատվական արտահոսքեր տարածելու գործում, ունակ չէ նույնիսկ մի փոքր վերլուծություն անելու կամ գոնե կարդալու 2025 թվականի բյուջեի ուղերձ-բացատրագիրը և տեսնելու, որ 2025 թվականի բյուջեն պլանավորելիս մենք արդեն գիտեինք, որ 2024 թվականին հարկերը հավաքագրվելու են շուրջ 155 մլրդ դրամով պակաս: Ավելին, հրապարակված նյութի հեղինակները  սխալվել են նույնիսկ պահուստային ֆոնդում առկա թիվը նշելիս և օգտվել  ԱԺ ներկայացրած բյուջեի նախնական տարբերակից, մինչդեռ 2025 թվականի բյուջեն վերջնական հաստատվել է 47.1 մլրդ պահուստային ֆոնդով: 

Մի կողմ թողնելով հոդվածի հեղինակների ինտելեկտի կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը՝ պետք է ասեմ, որ Հայաստանի ֆիսկալ կայունությանը հետևում են տասնյակ, հարյուրավոր միջազգային ներդրողներ, և ցանկացած նմանատիպ զրպարտություն, միևնույնն է, անհետևանք չի մնում: Դժվար թե մենք կարողանանք բոլոր ներդրողներին բացատրել կամ նկարագրել հեղինակների կամ այս լուրը բերանը բաց ծափահարելով արտատպած մարդկանց միջակության, տգիտության մակարդակը: Իհարկե, տարին նոր է սկսվել, և ցանկացած տարի իր հետ բերում է թե՛ ռիսկեր, և թե՛ հնարավորություններ, և ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ գրագետ և իր աշխատանքում հմուտ ցանկացած լրագրող, պետք է փորձի իր դրական ներդրումն ունենալ Հայաստանը դեպի մեր երազանքների հանգրվանը հասցնելու պատվաբեր գործում: 

Ֆինանսների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում «ликбез» կազմակերպել հարգելի լրագրողների համար, որպեսզի նմանատիպ նյութերը հնարավորինս քիչ լինեն: Ես, որպես ֆինանսների նախարար, ամենօրյա ռեժիմով ստանում եմ նախարարության արհեստավարժ մասնագետների կողմից պատրաստված տեղեկանքներ և հայտարարություններ եմ անում միայն համակողմանի վերլուծությունների արդյունքում կատարված եզրահանգումներից հետո»:

--00—ՅՄ