ՌԴ-ի և Իրանի հետ հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․

«Ես Մոսկվայից վերադարձել եմ լուսադեմին, իմ տեղակալը նախօրեին վերադարձել է Թեհրանից։ Մենք գրեթե ամենօրյա կապի մեջ ենք Մոսկվայի և Թեհրանի մեր գործընկերների հետ, համակարգում ենք շատ հարցեր, աշխատում ենք փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում», - նշել է նա։ 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչի մասին վկայում են արտգործնախարարի վերջին այցը Ռուսաստան, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Մոսկվա և բանակցություններ վարել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Մինչ այդ նա եղել էր ԱՄՆ-ում և արդեն նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրել: Ինչպես հանդիպման սկզբում հայտնել էր ինքը՝ Բլինքենը, ԱՄՆ Մաքսային և սահմանապահ ծառայության մի խումբ աշխատակիցներ առաջիկա շաբաթներին կուղարկվեն Հայաստան՝ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու համար:


 

--00—ՍՊ