Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

474753794_918042820542971_2231947400685476942_n

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը․

«Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։

Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։

Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։

Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝

• Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից,

• Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները,

• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։

Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, ապառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։

Կրկին դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ»։

--00—ՅՄ