ԱԳ փոխնախարարը փոխանցել է ՀՀ հանձնառությունը՝ զարգացնել հարաբերությունները սիրիական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Capture

Հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:

Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը:

Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:

--00—ՅՄ