ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշեց Հնդկաստանի Հանրապետության օրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնակատարության ժամանակ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր ելույթում հիշեցրեց, որ 1950 թվականի այս օրը Հնդկաստանը դարձավ Հանրապետություն՝ ընդունելով իր Սահմանադրությունը, որը մշակվել է հանրապետության հիմնադիր հայրերից կազմված Հիմնադիր ժողովի կողմից: Դեսպանը հավելեց, որ անցած տարին՝ 2024 թվականը, կարևոր տարի էր Հնդկաստանի ժողովրդավարական ուղու մեջ, քանի որ երկրի ընտրական հանձնաժողովը աննախադեպ արդյունավետությամբ և հաջողությամբ յոթ փուլով անցկացրեց հսկայածավալ ազատ և արդար համընդհանուր ընտրություններ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքը վերընտրվեց երրորդ անգամ անընդմեջ։
Հնդկաստանը վերջերս դարձավ աշխարհում 4-րդ երկիրը, որը հաջողությամբ հասավ տիեզերքում անօդաչու դոկինգի: Արձակման երրորդ հարթակի հաստատման հետ մեկտեղ սա կարևոր պահ է, որը հնարավորություն է տալիս ունենալ ավելի բարձր արձակման հաճախականություններ, մարդու թռիչք դեպի տիեզերք Հնդկաստանի կողմից և իրականացնել տիեզերական հետազոտական շատ այլ առաքելություններ:
«Հնդկաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններն առաջընթաց ապրեցին և 2024 թվականը նշանավորվեց նրանց հետագա ամրապնդմամբ՝ ներառյալ մեր կանոնավոր քաղաքական փոխանակումներից մինչև խորհրդարանական շփումներ, պաշտպանական համագործակցության ինստիտուցիոնալացում, առևտրային, մշակութային և կրթական կապերի ընդլայնում: Առաջին «Երևանյան երկխոսությունը», որը ձևավորվել է հնդկական «Raisina Dialogue»-ի օրինակով, համատեղ կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ-ի և հնդկական հետազոտական կենտրոնի՝ Observer Research Foundation (ORF) կողմից 2024 թվականի սեպտեմբերին: Այն համախմբել էր նախարարների, դիվանագետների, հետազոտական կենտրոնների և ակադեմիկոսների ամբողջ աշխարհից: Առաջին համաժողովի վիթխարի հաջողությունը երաշխավորեց, որ այն կլինի ամենամյա, իսկ երկրորդը կկայանա այս տարվա վերջին: 2024 թվականն ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Հնդկաստան այցելությամբ»,- ասաց դեսպանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ