ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով։ Չնայած սահմանից եկող լուրերին, դասապրոցեսը չի դադարեցվել՝ մինչև պատերազմի առաջին պայթյունը։
«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի հյուրը՝ Արցախի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը, հուզմունքով է հիշում այդ օրվա քաոսը՝ լացող ուսանողներ, իրենց երեխաների տեղը չիմացող աշխատակիցներ, շրջափակման մեջ գտնվող գյուղերից եկող սարսափելի լուրեր, ինչպես նաև` քաղաքացիական անձանց շրջանում մահեր։
«Արցախի շրջաններից եկած ուսանողները լուրեր էին ստանում, որ ծնողները շրջափակման մեջ են։ Ականջներումս մինչև հիմա նրանց լացի ձայնն է, մեզ մնում էր միայն ծնկաչոք աղոթելը…», - նշում է Սառաջյանն ու հավելում. «Աբսուրդ է ուրանալ, որ չենք պայքարել, պայքարել են բոլորը՝ այն էլ ուժերի գերլարումով»։
Պատերազմի, գաղթի, Արցախի նկատմամբ կարոտի ու ապագայի տեսլականի մասին առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ՅՄ