ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների մոդելը հարմար է նաև Ռուսաստանին և ԱՄՆ-ին․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture2

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների մոդելը հարմար է նաև Ռուսաստանին և ԱՄՆ-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի  նախարար Սերգեյ Լավրովը «Красная звезда» մեդիահոլդինգի հետ զրույցում:

«Ի դեպ, սա այն ձևաչափն է, որով կառուցվում են հարաբերությունները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Նրանք ունեն մեծ թվով տարաձայնություններ: Չնայած այս տարաձայնություններին, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրագույն ղեկավարները, նախարարները պարբերաբար մեղադրում են մյուս կողմին ինչ-որ անօրինական գործողությունների մեջ՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում, բայց  նաև քաղաքականության և անվտանգության մասին ևս բարձրաձայնվում է»,- ասել է նախարարը մեդիա հոլդինգին:

Նա ընդգծել է, որ, չնայած այս ամենին, Պեկինի ու Վաշինգտոնի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։

«Կարծում եմ, որ հենց այս մոդելը պետք է լինի ցանկացած երկու պետությունների հարաբերություններում: Հատկապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որոնք մի կողմից կարող են ընդհանուր շահեր գտնել և փոխշահավետ շատ բաներ իրագործել, իսկ մյուս կողմից՝ պարտավոր են շահերի անհամապատասխանության դեպքում դրանք պատերազմի չհանգեցնել»,- հավելել է Լավրովը։

--00—ՅՄ