Կյանքը մեզ տրված լավագույն հնարավորությունն է բարիք ստեղծելու. Տնտեսի կիրակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

աա

Տնտեսի կիրակի

Մեզ տրվում են բազմաթիվ հնարավորություններ: Երբեմն դրանք անտեսում ենք կամ օգտագործում ոչ բարի նպատակով, մինչդեռ օրերից մի օր մեզնից յուրաքանչյուրը հաշիվ է տալու, թե ի՞նչ է արել:

Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը կարծում է՝ կյանքը մեզ տրված լավագույն հնարավորությունն է բարիք ստեղծելու, որի միջոցով նաև բարեկամներ շահելու: Սա է Մեծ Պահքի չորրորդ կիրակիի պատգամը յուրաքանչյուրիս:

«Աստված մեզ տվել է այս կյանքը, որ մեզ տրված հնարավորություններն օգտագործենք խելամտորեն, ի բարին, օգնենք, ողորմած լինենք, որ ժառանգենք հավիտենական կյանքը»,- նշում է քահանան:

Մենք էլ տնտեսներ ենք՝ կարգված Աստծո կողմից 

Մեծ Պահքի չորրորդ կիրակիին Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակը, որի հերոսը մեծահարուստի տնտեսն է, նրա գործերի կառավարիչը: Մեծահարուստն իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը և հաշիվ պահանջում: Տնտեսը, հասկանալով, որ կարող է անգործ մնալ, և պետք է շահի բարեկամներ, կանչում է տիրոջ պարտապաններին և նրանց ներում իրենց պարտքի մի մասը: 

«Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»: (Ղուկաս 16:8)

Ըստ քահանայի. «Մենք էլ տնտեսներ ենք՝ կարգված Աստծո կողմից և ունենք հնարավորություն մեր տնտեսությունը բարեխիղճ կերպով օգտագործելու, մեր ապրելակերպով, մեր քայլերով վաստակելու՝ հանդերձյալ կյանքում Աստծո ներկայությունը վայելելը:

Քրիստոս առակը պատմելու վերջում ասում է. «Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9): Տերը գովեց անիրավ տնտեսին, որը նյութը օգտագործեց իրեն բարեկամներ շահելու համար: Առակի նպատակն է հասկացնել, որ մարդիկ աշխարհի բարիքներից դիմացինին բաժին հանեն: «Անիրավ տնտեսի առակը» ներկայացնում է նաև հոգևոր արթնության խորհուրդը. ամեն ժամ պատրաստ լինել Աստծուն ներկայանալու: 

Տեր Հրաչյան հավելում է՝ պետք է մեր կյանքը վարենք արդարամտությամբ ու հիշենք, որ կունենանք իրական բարեկամներ, եթե ապրենք բարությամբ, կարեկցանքով ու ողորմածությամբ: 

Qahana,am

--00—ՍՊ