ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Երեկ Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. այս մասին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կայացած Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու հայերի նկատմամբ անհարգալից պահվածք դրսևորելու աղմկահարույց դեպքին: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Իհարկե, այն, ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, և ֆուտբոլում նման փաստեր լինում ենբ՝ երկրպագուները բախվում են իրար։ Սա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Դա վատ փաստ էր, բայց, իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր ընկերների, քույրերի և եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Իսկ երեկվա հանդիպումն էլ ավելի գոլառատ էր ստացվել և ավարտվել տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
--00—ՅՄ