ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին օրինագիծը։ Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ յոթը։
Մոսկվան քննադատել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումը և զգուշացրել դրա հետևանքների մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են» և ԵՄ-ին անդամակցելը համեմատել է «Տիտանիկի տոմս գնելու հետ»։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը RTVI-ին տված հարցազրույցում նշել է, որ հենց ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ «Հայաստանի տնտեսությունը դոպինգ է ստացել», իսկ Եվրամիությանը մասնակցելը կնշանակի հեռանալ այս տարածքից։
«ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է գտնվում, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել: Բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրամիությանը, ինչպես նաև միության առանձին անդամներին, օրինակ՝ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի՝ հետխորհրդային տարածքից դուրս գալու ցանկությունը», - նշել է Զատուլինը։
--00—ԱՊ