ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների դեպքի որոշ մանրամասներ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելու շուրջ։
Ըստ տեղեկությունների՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Այվազյանի և Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 35-ամյա Աղասի Թաթուլյանի միջև է տեղի ունեցել այդ դեպքը, որի ժամանակ վերջիններս պայմանավորվել և հանդիպել են արդեն Շիրակի խճուղի 12/1 հասցեի մոտ, որտեղ էլ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և այդ ժամանակ Ա. Թաթուլյանը հարվածել է Վ. Այվազյանին։
Դրանից հետո Խնձորուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հենրիկ Գասոյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով եղել է նախկինում դատապարտված և հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով, և Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Խալափյանը իրենց մոտ եղածսուր կտրող-ծակող գործիքներով մարմնական վնասվածքներ են պատճառել Ա. և Է. Ոփյաններին, իսկ Ա. Ոփյանի հայրը՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Աշոտ Ոփյանը, իր մոտ եղած 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Ս. Դերձյանի վրա, ում պատճառվել է մարմնական վնասվածք։
Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ոփյանը ինքնակամ ներկայացել է Լոռու մարզաին քննչական վարչություն։
Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական հաշվառված է Ա. Ոփյանի անունով։
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ՝ Հ. Գասոյանին, Ա. Թաթուլյանին և Ա. Խալափյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 29-ին հերթական կրակոցներն էին հնչել Լոռու մարզում:
Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 28-ամյա Արթուր Ոփյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, 26-ամյա Էդուարդ Ոփյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 24-ամյա Սպարտակ Դերձյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 12/1 հասցեի մոտից:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Վահե Գրիգորյանը: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: