ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլև գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը եւ, քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաեւ այն ցրելու եւ հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել եւս, որ ԳԱԱ-ի անդամների մի մասը Ազգային Ակադեմիայում «իսկական անդամներ» եւ, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։
Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԳԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին եւ հանձնարարել կարճ ժամկետում ԳԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ, թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական` այսինքն թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։
Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել»,-գրել է Բաբայանը: