ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը վստահեցնում է՝ Ազգային ժողովում այսօր՝ մարտի 12-ին, համայնքների խոշորացման թեմայով հրավիրված լսումները կապված չէին Իջևանի քաղաքապետի ընտրությունների ու, մասնավորապես, քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընտրության հետ:
24News-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց՝ քանի որ Հայկ Ղալումյանն այժմ քաղաքապետի պաշտոնակատար է, հետևաբար չի կարող ասել, թե ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» առհասարակ թեկնածու կառջադրի՞, թե՞ ոչ:
Օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարկմանը, թե «իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի թիվ մեկ քավորի՝ Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքապետ դառնալու գործընթացը «ժողովրդավարության» քողով պատվի», մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.
«Համայնքների միավորման հետ կապված հստակ մոտեցում կա: Առաջինն այն է, որ սկզբունքը չպետք է լինի քաղաքական: Եթե գործընթացի մեջ քաղաքականություն է մտնում, այն խեղում է բուն գործընթացը: Իսկ եթե մարդիկ ասում են, որ խոշորացման մեջ սխալներ կան, ապա դա նաև այն պատճառով է, որ քաղաքականությունը մտել է համայնքների միավորման գործընթացի մեջ: Երկրորդը, եթե չմիավորված խոշոր համայնքներից որևէ մեկում լրանում է ավագանու կամ համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, ապա համայնքները գնում են միավորման: Իջևանն այդ շարքում առաջինն է: Իջևանում համայնքի ղեկավարը փոխվում է, դրա համար էլ Տավուշի մարզկենտրոնը դնում ենք միավորման սցենարի մեջ. սա է ամբողջ տրամաբանությունը: Այնպես որ, միավորման գործընթացն անձերով պայմանավորված չէ»:
Վրույր Սևակ