ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ իմ հարգարժան գործընկեր Լիլիթ Մակունցը և իր խմբակիցները անհասկանալի բուռն արձագանք են տալիս Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին, և մի ողջ կուսակցություն հանվում է մարտական դիրքեր, ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, և ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։ Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների և ատոմների մասին, նորից ստիպված եմ ևս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների և համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ և անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները։
Ու էդ ֆոնին մենք իրավունք ունենք տրամաբանական հարցադրում անել՝ թե էդ ինչպե՞ս է լինում, որ դուք և ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում, և նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որևէ քայլ չձեռնարկեց։
Չէ, ես ոչինչ չեմ ակնարկում. ընդամենը երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկցություն է առաջանում՝ թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»։
--0-- ՍՊ