ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է։ Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը:
Գյուղապետը կնոջ մահվան պատճառների մասին տեղեկություն չուներ, սակայն մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը, 24News-ին հայտնեց, որ երբ կինը իմացել է՝ երեխան մահացել է, կոմայի մեջ է ընկել։
«Հետո տարել են հիվանդանոց, ու հետ չի եկել կոմայից, մահացել ա։ Այսինքն՝ մահը վրա ա եկել սթրեսից»,-ասաց Հակոբջանյանը։
Նա նաև պատմեց, որ մինչ հոգեբուժարան տեղափոխվելը կինը առնետի կերած ձուկն է կերել ու թունավորվել, սակայն հետո բուժում է ստացել։
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխաներից մեկը` 6-ամյա տղան, մահացել է։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան պատճառն առնետի կերած ձուկն էր, որից կինը ևս կերել էր:
Սոնա Գևորգյան
--00—ԼՄ