ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր Հայաստանի Հանրապետության կողմից հրթիռակոծվում են Ադրբեջանական նշանակետերը։ Տեսանյութը, որը ներկայացվել է որպես ապացույց, չի հաստատում, թե որտեղից է կիրառվում հրթիռային հարվածը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք հայտարարեցինք, որ դա ապատեղեկատվություն է, տեսանյութը, որը ներկայացվել է որպես ապացույց, չի հաստատում, թե որտեղից է կիրառվում հրթիռային հարվածը և դեռ հարց է դա Արցախից է կիրառվում, թե այլ պատրազմի տեսանյութ է։ Մի ուշագրավ բան կա, շատ հաճախ, Արցախի որոշ շրջաններ, այս կամ այն կերպ ուղղակի ճանաչվում են Հայաստանի մաս, արդեն որերոդ անգամ է էս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ